Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից:
Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ քոնն եմ, Տեր, և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:
(գրաբար)
Էապէս բարի եւ ամենակարող զաւրութիւն՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր երկրի հանել յիւրմէ զգազանս եւ զանասունս, եւ զսողունս եւ զչորքոտանիս՝ յազգս իւրեանց, զվայրենիս եւ զընտանիս, եւ յայսմ աւուր արարեր զմարդն անձնիշխան, եւ կացուցեր զնա տէր եւ իշխան ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց, եւ եդեր զնա ի դրախտին փափկութեան՝ պահել զպատուէրն, բայց իմ է պատուիրանազանցութիւն նախահաւրն, որով արտաքսեցաք ի պայծառ պատուոյն եւ ի փափուկ փառացն: Մանաւանդ զի նա մի անգամ խաբեցաւ փոքր եւ թեթեւ յանցմամբ, իսկ ես անթիւ եւ մեծամեծ յանցանաւք մեղանչեմ անդադար, ուստի եւ վասն պարտաւորելոյս բարձրացար յայսմ աւուր Բանդ Աստուած ի վերայ խաչին: Եւ արդ, աղաչեմ զքեզ, երկայնամիտ եւ անոխակալ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, ողորմեա՛ ինձ ողորմեցելւոյս եւ մեղաւք լցելոյս: Մի՛ ընդ վայր հարկաներ զպատկերս՝ յոր փչեցեր, եւ մի՛ մատներ զիս յաւիտենից տանջանացն՝ զորստեղծեր, զի քո եմ, Տէ՛ր, եւ ի քեզ յուսամ, եւ ի քէն ակն ունիմ արձակիլ ի կապոյ յանցանացս: Ուստի եւ հանդիպեցուսցես զիս, Տէ՛ր, թողութեան մեղաց եւ քաւութեան յանցանաց, եւ մասնակից արասցես զվրիպեալս արանց արդարոց եւ ի սկզբանէ ընտրելոցն, զի ընդ նոսին հանգուցեալ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից.
ամէն: